Uncategorized

Կոչ լռութեան

Մեր ձախողութիւնների համար մենք սովոր ենք մեղադրել «վերեւիններին» 1915-ին հարուստներն էին, 20-ականներին օրուա ղեկավարները, նոյնիսկ 90-ականների համար սիրում ենք մեղադրել օրուա իշխանութիւններին, բայց մի բան չենք կարողանում ընկալել՝ այդ բոլորը մեզանից էին, մենք էինք:

Երբեք չհասկացանք, որ այդ ղեկավարը, իշխանականը, հարուստը եւ բոլոր միւսները մեզնից էին ու են, այդ մենք ենք, ու այդ ամէն ինչի անողն էլ չանողն էլ մենք էինք ու մենք ենք:

Սիրում ենք ձախողութեան համար մեղադրել բոլորին, հարեւանին, պաշտօնեային, ղեկավարին, թշնամուն, բարեկամին, թուրքին, յոյնին, հրեային, ում ասես չենք մեղադրում, բայց յաջողութեան համար մատը մատին չենք կպցնում… Այդպէս յարմար է…

Չորս շաբաթ է մարդիկ կոկորդ են մաշում, թէ միացէ՛ք, եկէ՛ք, սա արէ՛ք, դա արէ՛ք: Քանի՞սդ գնացիք, քանի՞սդ մի պատառ հաց կամ մի կտոր հագուստ տարիք, ու եթէ տարիք մէկ, երեք կամ տաս անգամ, իսկ ինչո՞ւ յիսուն անգամ չարեցիք…

Ես էլ եմ այդ շարքում, դրա համար էլ ամօթից լեզուս տակս դրած ձայն չեմ հանում, մտածում եմ թէ գոնէ այսօրուայ կէսը անեմ, մի գուցէ վաղը ոյժ գտնեմ տասն անելու միւս օր յիսուն… գիտեմ որ հարիւրի պիտանի չեմ, հարիւր անողները ճակատին են… Չնայած չգիտեմ մի գուցէ դրա պատիւն էլ ընծայուի:

Թէ բա սա զիջել է ուզում նա հող է յանձնում, միւսը սնունդը լաւ չի կազմակերպում, չորս շաբաթ է ասւում է, թէ սա գոյամարտ է, սա աւելի մեծ է քան քաղաքականութիւնը, դիւանագիտութիւնը, կուսակցութիւններն ու իշխանութիւնները, իսկ գոյամարտը ունի իր կանոնները, գոյամարտի ժամանակ բոլորը ամէն ինչ են:

Եթէ տեսնում եք որ մէկի սնունդը քիչ է վերցրեք այսօրուայ ձեր հացը տարէք այնտեղ ու կիսէք նրա հետ, տեսնում եք որ միւսի արիւնն է հոսում պատռէք ձեր շապիկը ու վիրակապ սարքէք, եթէ այդքան վստահ եք որ մէկը դաւադրաբար հող է ուզում տալ, գնացէք կանգնէք այդ հողի վրայ ու ասեք չեմ տալիս, այլապէս տանը նստած պահանջներ ներկայացնելով, այս կամ այն խամաճիկի կեղծ օրակարգին ձայն տալով դուք աւելի դաւադիր եք դառնում քան յուդան:

Եւ վերջապէս լռե՛ք, ի սէր բոլոր այն ամէն ինչի որին հաւատում եք, սիրում ու պաշտում եք ԼՌԵ՛Ք… ձեր աղմուկը աւելի է կործանում մեզ բոլորիս քան թշնամու նետած ցանկացած արկ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *